Ես հավատում եմ լեգենդների գոյությանը: Հազարամյակներ շարունակ դրանք փոխանցվում են սերնդեսերունդ՝ ապրեցնելով իրենց մեջ եղած առասպելական խորհուրդը:
Հավատում եմ ու որոշում գնալ այնտեղ, որտեղ նիրհում են հայկական վիշապների առասպելները: Նրանք այսօր էլ շարունակում են հսկել հեթանոս հայերի սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ով ամեն գիշեր լեռնային լճերում լոգանք է ընդունում:
«Ես ուզում եմ տեսնել այդ ամենը»,- կրկնում եմ մտքում: Գիտեմ, որ դժվար գործ է, սակայն լեգենդն ավելի զորեղ է, և գիշերն արդեն դասավորում եմ իրերս՝ մարզակոշիկ, տաք բաճկոն, գլխարկ, արևային պաշտպանիչ ակնոց և հակաարևային քսուք: Լեռներում արևն ուժեղ ու այրող է, սուրն ու սառը: Ինձ հետ է լուսանկարիչ Իննան:
Վաղ առավոտյան ուղևորվում ենք Գեղամա լեռներ, որ գտնվում են Երևանից հյուսիս-արևելք: Երևանից երթուղային տաքսիով հասնում ենք Կոտայքի մարզի Գողթ գյուղը: Այնտեղից տաքսիով բարձրանում մայրուղու ամենավերջին գյուղը`Գեղարդ:
Գեղարդում գյուղացիներն ասում են, որ լեռներ բարձրանալու համար հարկավոր է «Վիլիս» գտնել: Հյուրընկալվում ենք գյուղացիներից Գեղամի տանը: Նա փորձում է օգտակար լինել մեքենայի հարցում: Տնից դուրս է գալիս, և 20 րոպե անց վերադառնում խորհրդային արտադրության «Վիլիս» -ով: Ղեկի առաջ գյուղացիներից Արսենն է:
Գեղամն ասում է, որ եթե մենակ գնանք, ապա վիշապներին չենք գտնի, իսկ ինքը այս կողմերում ամեն քար ու թուփ անգիր գիտի: Նրա կինը` Աիդան, գյուղական լավաշ ու պանիր է դնում հետներս, Գեղամը հուշում է կնոջը, որ խմելու բան էլ դնի:
- Լեռներում կուշտ էլ եղար, կսովածանաս,- ասում է նա:
2500 մ բարձրությունից նայում ենք անդունդի մեջ երևացող Գեղարդի վանքին: Դիմացի լեռներին Խոսրովի անտառներն են, որտեղ ամեն քայլափոխի քարանձավներ են: Ձորի միջով հոսում է Ազատ գետը, որն էլ սկիզբ է առնում Գեղամա լեռներից: Հենց այդտեղ են ննջում վիշապները:
Շարունակում ենք վերելքը: Սա այն ուղին է, որը կտրում-անցնում են բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ վիշապաքարերի որոնման ճանապարհին: Գեղամն ասում է, թե մեր բախտը բերել է, որ մեքենայով ենք: Շատերը բարձրանում են ոտքով, ծանր ուսապարկերը մեջքներին:
Հայացքս սահում է մերկ սարերի վրայով: Որքան վերև ենք բարձրանում, օդն ավելի է սառչում: Լեռները գույնզգույն սավաններով են ծածկվում: Հետո գույները սկսում են փոխվել. կանաչը դառնում է կարմիր, սպիտակը` դեղինը. ուրախ գույների շքա հանդես է:
Սկսում ենք մրսել: Հագնում ենք մեզ հետ վերցրած տաք բաճկոնները: Գեղամն առաջարկում է իջնել ու մի բաժակ օղի խմել`տաքանալու համար:
Որոշակի բարձրությունում լեռնալանջերին մնում են միայն դեղին ծաղիկները, որոնց «քոչվոր» են անվանում:
«Բնությունը հուշում է այս կողմերի վրաններում ապրող անասնապահներին, որ ժամանակն է լեռներից քոչելու, աշունը մոտ է»,- բացատրում է Գեղամը:
Հեռվում երևում են վրանները: Մեր որոնող հայացքները թափառում են այս ու այն կողմ: Ես ու Իննան փորձում ենք առաջինը տեսնել հազարամյակների կենսագրություն ունեցող քարե կոթողները, բայց իզուր: Վրաններից մեզ են մոտենում անծանոթ հովիվներ և ասում՝ հաստատ եկել եք վիշապաքարերը տեսնելու:
Նրանք զարմանում են, որ «Վիլիսը» կարողացել է հասնել այդ կողմերը:
Հովիվներից Ռոման Քոչարյանը միանգամից իր վրա է վերցնում «գիդի» պարտականությունը և սկսում օգնել Գեղամին:
Վրաններից հեռանում ենք գրեթե 300 մ և տեսնում ձկնակերպ ու ցլի պատկերաքանդակներով վիշապաքարերը: Ես տեսնում եմ այն քարե կոթողները, որոնց սրբացրել ու պաշտել են մեր նախնիները: Դրանք պաշտել են իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի: Քարե հուշարձանի վրա տեսնում եմ վիշապի պոչը:
«Խոնավ եղանակին պատկերներն ավելի լավ են երևում,- ասում է Ռոմանը: – Մի քանի օր առաջ էլ ճապոնացի զբոսաշրջիկների ենք այս վիշապաքարերի մոտ բերել: Ասում էին, որ Հայաստան են եկել հատուկ վիշապներին տեսնելու համար»:
Նայում եմ լեռներից իջնող աղբյուրներին, որոնք առաջանում են անձրևներից ու ձնհալից: Հիշում եմ դեռ դպրոցական դասագրքերից սերտածս. ոչ մի գետ չի մտնում Հայկական լեռնաշխարհ, այնտեղից միայն դուրս են գալիս: Հենց այդ պատճառով էլ մեր նախնիները Հայաստանում պաշտել են ջուրը:
Գեղամն ասում է, որ լեռնային շրջաններում, որտեղ վերջանում էին մարդկանց բնակության սահմանները, քարակոթողներ էին կանգնեցնում՝ ի պատիվ հեթանոսական աստվածուհի Աստղիկի: Աստղիկը նաև կապված էր ջրի պաշտամունքի հետ:
Քարակոթողները հիմնականում ձկնակերպ են: Հովիվներից ազգությամբ եզդի Ռազմիկը ջուր է լցնում վիշապաքարի վրա: Միանգամից քարի վրա տեսնում ենք վիշապի գլուխը, ուսերն ու թևերը: Երևում են փորագրված թռչնապատկերներ:
Ռոմանն ասում է, որ հարկավոր է մի 20 կմ էլ վերև բարձրանալ` մյուս վիշապները տեսնելու համար: Բայց մինչ այդ առաջարկում են իրենց քամած մեղրից մի կտոր ուտել:
Հովիվների վրանը ինքնատիպ լեռնային բնակարան է: Անհրաժեշտ ամեն ինչ կա: Սեղանին են դնում մեղրամոմով լի ափսեն, իրենց պատրաստած պանիրն ու թխած հացը: Խմում ենք բոլորս միասին, որ «հաջող ավարտենք մեր ճանապարհորդությունը»: Մեղրամոմը հալչում է բերանումս: Իսկ հաց ու պանիրը լեռներում համարվում են ամենահամեղ կերակուրը:

Վրանի պատերից կախված են տարբեր տեսակի խոտեր: Ռազմիկը բացատրում է, որ բուժիչ դեղաբույսեր են: Ինձ ու Իննային այդ խոտերից մի-մի կապ է տալիս ու ասում. «Կօգտագործեք ու ինձ կհիշեք»:
«Վիլիսում» տեղ չկա, բայց Ռոմանին էլ ենք մի կերպ տեղավորում ու շարունակում ճանապարհը: 10 կմ անցնելուց հետո օդն ավելի է սառչում, մինչդեռ արևը այնքան մոտ է թվում: Ռոմանն առաջարկում է ոտքով գնալ, որովհետև «Վիլիսը» դժվարությամբ է բարձրանում: Ընդառաջ են գալիս եզդի երկու կին՝ փորձելով զսպել դեպի մեզ վազող «չոբանի» կատաղած շներին: Առաջարկում են հյուրընկալվել իրենց, բայց մենք ուզում ենք նախ վիշապաքարերը տեսնել:
Մոտակա լեռան լանջին ոչխարների հոտն է, հենց այդտեղ են քարերը: Մտնում ենք ոչխարների հոտի մեջ, վախեցած կենդանիները այս ու այն կողմ են փախչում:
Ռոմանը ցույց է տալիս 3 մետրանոց հսկա ձկնաքարը: Հստակ տեսանելի են աչքերը, թվում է՝ ինչ-որ բան է փոխանցում դարերի խորքից: Քիչ այն կողմ ևս երկուսն են: Քարե կոթողների կողքին լեռնային աղբյուրներից առաջացած լիճ կա: Այն փայլում է մայրամուտի վերջին շողերից: Ես սպասում եմ, որ արևը գլորվի լեռների հետևը, ու փորձեմ տեսնել սիրո աստվածուհու գոնե ստվերը:
Բոլորը լուռ են: Լսվում է միայն քամու սուլոցը: Ամեն ինչ կատարյալ է ու անթերի: Վիշապաքարերը շարունակում են իրենց առաքելությունը:
Լեռների գագաթներին ոչինչ չի փոխվել, թերևս հեթանոսությունը վերածվել է քրիստոնեության, բայց վիշապաքարերը շարունակում են մնալ իրենց տեղում:
«Վիլիսի» վարորդը շտապեցնում է, որովհետև շուտով մթնելու է, իսկ ճանապարհը վտանգավոր է: Չեմ ուզում հեռանալ այս վայրերից ու հայացքս գամել եմ լճին: Սպասում եմ, որ լեգենդը խոսի: Արևը կորել է տեսադաշտից ու սկսում է մթնել: Ես ուզում եմ մի քիչ էլ մնալ: Բայց Գեղամին անհնար է համոզել: Նա ասում է՝ պետք է ժամանակին գնալ:
Արդեն «Վիլիսի» պատուհանից շարունակում եմ նայել լճին ու նրան հսկող վիշապներին: Տեսնում եմ Աստղիկ դիցուհու մերկ ուրվագիծը: Նրա երկար վարսերը, որոնցով փորձում է ծածկել մարմինը: Ես հասկանում եմ, որ լեգենդը խոսել է սկսում …Որքան հեռանում ենք, այնքան պատկերներն ավելի հստակ են դառնում, իսկ հետո սկսում են մարել:
Ես ափսոսանքով եմ թողնում վիշապաքարերը, ամպերի մեջ կորած լեռնագագաթները, Աստղիկ դիցուհու ուրվագիծը: Վերադարձի ճանապարհին ավելի քիչ ենք խոսում:
Մթնշաղին հասնում ենք գյուղ: Հարազատների նման հրաժեշտ ենք տալիս Արսենին ու Գեղամին: Երևանից պատվիրված տաքսիով վերադառնում ենք տուն:
Վիշապաքարեր
Սակավաջուր Հայաստանում ջրի պաշտամունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել: Պաշտել են ջրի տարերքը, գետերը սնուցող լեռնազանգվածներն ու այդ լեռներում գտնվող ջրերի ակունքները:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ասատրյանն ասում է. «Պատահական չէ, որ հենց այդ լեռների վրա, ջրաբաշխական համակարգերի հարևանությամբ`արհեստական լճերի ափերին, ջրի ակունքների մոտ գտնվել են բրոնզե-երկաթդարյան հսկա քարակոթողներ, որոնք հայտնի են «վիշապ» անունով: Որպես կանոն՝ դրանք ձկնակերպ կամ սյունաձև կոթողներ են»:
Ձկնակերպ կոթողներին ժողովուրդը կնքել է վիշապ անվամբ: Մանուկ Աբեղյանի կարծիքով՝ դրանք ոչ մի կապ չեն ունեցել օձերի կամ վիշապների հետ: Հայ մատենագրության տեղեկություններով՝ «վիշապ» բառը հին հայերենում ունեցել է նաև «հսկա» իմաստը: Այսինքն՝ մարդիկ դրանց անվանել են վիշապ՝ նկատի ունենալով այդ քարերի հսկայական ծավալը:
Ձկնակերպ կոթողները դրվել են հորիզոնական դիրքով՝ գետնի տակից բխող ջրի ակունքի մոտ: Լեռնային փոքր գոգավորությունների բարձրադիր եզրերին ուղղահայաց դիրքով կանգնեցված սյունաձև կոթողների վերին մասերը քանդակազարդ են: Դրանք սյան վրա գցված մաշկազերծված եզան կամ ցլի ամբողջական մորթու պատկերներ են: Ցլի բերանից ջուր է հորդում: Ձկնակերպ կոթողները խորհրդանշել են ջրի տարերքը: Սյունաձև կոթողները խորհրդանշել են «Տիեզերքի առանցքի» գագաթին գտնվող աստվածների և մարդկանց միջև կնքված ուխտը, որը հաստատվում և հավերժացվում էր ցլի զոհաբերությամբ: Ըստ Ասատրյանի՝ դրանց ժամանակագրության հարցերը մինչև օրս պարզված չեն, քանի որ չեն կապվում որևէ մշակութային շերտի հետ: Ամենահամեստ հաշվարկները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ քարակոթողները գոյություն են ունեցել մ.թ.ա. 16-րդ, 15-րդ, գուցե՝ 17-րդ, 18-րդ դարերից: Հին հայերը կերտել են նման կոթողներ 3-րդ հազարամյակից սկսած: Հայաստանում վիշապաքարեր կան Արագած լեռան փեշերին, Գեղամա լեռներում, Սյունիքում:
«Առաջին վիշապաքարերը հայտնաբերվել են 1920-30-ական թվականներին Ազատ գետի շրջակայքում: Կառուցված են բավական վարպետորեն և բացարձակապես բնորոշ են Հայկական լեռնաշխարհին: Այսինքն՝ մշակութային այս ֆենոմենը մշակութային այս արիալին է միայն բնորոշ: Այս մշակմամբ, այս մոդիֆիկացիայով, այս սյուժեներով աշխարհի այլ անկյունում չեք տեսնի: Այլ տեղերում այլ կերպ են կոթողներ կանգնեցրել: Մեր վիշապաքարերը տարբերվում են թե՛ իրենց ձևով, թե՛ իրենց տեղադրման վայրով»,- ասում է Ասատրյանը:
| EUR | 463.97 |
| USD | 363.5 |
| RUR | 11.81 |
18 C






