Փոքրիկ Ռուսաստան` Հայաստանի հյուսիսում

Տարօրինակ մի զգացում… Երևանից ընդամենը երկու ժամվա ճանապարհ, և հայտնվում ես բոլորովին այլ մի աշխարհում. սոսիներ, ռուսական ոճով կառուցված տներ, որոնց շուրջը վազվզում են ծիծաղադեմ ոսկեմազ երեխաներ: Հասկանում ես, որ Հայաստանում ես, և լեռներն էլ հայկական են` երկրի հյուսիսային մասին բնորոշ: Բայց նայում ես մարդկանց, գյուղին` իսկական ռուսաստանյան ծայրամաս:

Սա Ֆիոլետովոն է` բնակեցված մոլոկաններով` էթնիկ ռուսներով, ովքեր վերաբնակեցվել են Կովկասում 19-րդ դարի առաջին կեսին:

Ֆիոլետովոն գտնվում է Վանաձորից` մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաքից 20 կմ հեռու: Սա միակն է, և այլևս Հայաստանում չկա որևէ գյուղ` բնակեցված միայն մոլոկաններով: Բայց չէ՞ որ 20-րդ դարասկզբին Հայաստանում կար ավելի քան 30 մոլոկանական գյուղ: Այդ գյուղերից հիմա մնացել են միայն անունները:

Ըստ Իվան Յակովլևիչ Սեմյոնովի` «ՀՀ-ում Ռուսաստանի հայրենակիցների օգնության և համագործակցության ֆոնդի» նախագահի, երկրում մնացել է ընդամենը մոտ հինգ հազար մոլոկան, որից ավելի քան հազարն ապրում է Ֆիոլետովոյում: Իսկ անցյալ դարի 80-ական թվականների վերջին Հայաստանում կար շուրջ 50 հազար մոլոկան:

Մոլոկանները Հայաստանում ապրում են արդեն 170 տարի` չխառնվելով տեղի բնակչության հետ և չկորցնելով իրենց լեզուն: Նրանց հաջողվեց նոր պայմաններում կառուցել իրենց փոքիկ Ռուսաստանը և ապրել այնտեղ` հարմարված, բայց ոչ միայնակ:

Իսկ պայմանները նպաստավոր չէին. մոլոկանները ստիպված էին հիմնավորվել բարձրադիր գյուղերում, որոնց մի մասը գտնվում է ծովի մակերևույթից երկու հազար մետր բարձրության վրա, ծանր կլիմայական պայմաններում` անբարենպաստ գյուղատնտեսության համար: Բայց մոլոկանները հաղթահարեցին այս փորձությունը, և սրանում մեծ դեր խաղաց կրոնը:

Պատմությունը և հավատը
Մոլոկանների պատմությունը բազմիցս ուսումնասիրվել է և նույնիսկ պատվել է առասպելներով: Իվան Սեմյոնովն ասում է, որ «մոլոկաններ» անվանումը մեկնաբանվում է տարբեր կերպ: Նա պատմում է, որ անվանումը գալիս է այն բանից, որ մոլոկանները չէին պահում ուղղափառ եկեղեցու կողմից ընդունված պասերը, իսկ պասի օրերին ավելի համեստ էին սնվում` հիմնականում կաթնամթերքով:

Մեկ այլ տարբերակով, անվան հիմքը Մոլոչնայա գետն էր, որը գտնվում է Տավրիկյան նահանգի Մելիտոպոլի շրջանում, որտեղ մոլոկանները ապրել են աքսորում մի քանի տասնյակ տարի, մինչ նրանց կարտաքսեին Կովկաս:

Ալեքսանդր Տիկունովը՝ մի մոլոկան Ծաղկաձոր հանգստարանային քաղաքից (ի դեպ` նախկին մոլոկանների գյուղ Կոնստանտինովկա), մեկնաբանում է «մոլոկան» անվանումը` ելնելով Աստվածաշնչից, որտեղ Պետրոս առաքյալի Առաջին թղթում ասվում է. «… Որպես նորածին մանուկներ, սիրեցեք խոսքի մաքուր կաթը»: Տիկունովը պնդում է. «Սուրբ Գրքի խոսքը` անկախ մարդու հոգևոր զարգացման աստիճանից` տարատեսակ ազդեցություն է ունենում: Երբ մարդը, հոգևոր առումով մանուկ է, ապա Աստծո խոսքը նրա համար կաթի պես է: Հոգևոր կաթ: Այստեղից էլ մեր անվանումը` մոլոկան»:

Մոլոկանները համարում են, որ ամեն մի հավատացյալ պետք է բավարարի իր հոգևոր պահանջմունքները, կատարելագործի իր վարքը և իր զգացմունքները: Նրանց հավատքում կարևոր տեղ է զբաղեցնում Հիսուս Քրիստոսի հոգու վերաբնակեցումը Հորից Որդու մեջ: Մոլոկանները մերժում են պատկերապաշտությունը` սրբապատկերների և խաչի պաշտամունքը:

«Մենք համարվում ենք հոգևոր քրիստոնյաներ,- ասում է Տիկունովը,- այլաբանորեն ենք մեկնաբանում Աստվածաշունչը, այլ կերպ ասած` այն ընկալում ենք հոգեպես»:

Անգլիացի ճանապարհորդ, Աշխարհագրական ընկերության անդամ Հ. Ֆ. Բ. Լինչը, ով եղել է Հայաստանում 19-րդ դարավերջում, այսպես է բացատրում մոլոկանների փիլիսոփայությունը. «Աստված բնակվում է իր սիրո կենդանի առարկաների մեջ… Ես խոսեցի գեղեցիկ ձայնով և շարժուձևով մի ծերունու հետ մոլոկանների կրոնական հավատալիքների մասին: Նրանք պաշտում են Մովսեսին և մարգարեներին և Սբ. Աստվածաշունչը, բայց կրոնը այլ կերպ են դավանում: Սաղմոսներ երգելը, երևի թե, ծառայում է իբրև իրենց կրոնական զգացմունքների հիմնական արտահայտություն: Երեխաներին չեն կնքում, բայց նրանց բերում են աղոթատուն, Աստվածաշնչից մի քանի պարբերություն են կարդում երեխայի ներկայությամբ և բոլորի մոտ հայտարարում են նրա անունը: Նման արարողակարգով էլ սրբագործվում է ամուսնական միությունը»:

Մոլոկաններն ապրում են փակ համայնքով: Նրա անդամները ձգտում են իրագործել իրենց սոցիալական իդեալները` խաղաղություն, եղբայրություն, հավասարություն, տնտեսական համագործակցություն, հոգևոր կատարելություն: «Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում` հավատքը թույլ չի տալիս,- ասում է Ֆիոլետովոյի բնակիչներից մեկը,- հենց այսպես էլ ապրում ենք»:

Կենցաղը

Ինքնամփոփ համայնքով ապրելը մոլոկանների շատ կարևոր հատկանիշն է: Նրանք թույլ չեն տալիս իրենց լուսանկարել, շատ քչերն են համաձայն, որ լուսանկարեն տան կահկարասին: Հենց այս փակվածության շնորհիվ էլ, ինչպես Իվան Սեմյոնովն է ասում, մոլոկանների համայնքներն առայսօր պահպանվել են` ավելի քան մեկուկես դար ապրելով այլազգի միջավայրում, գոյատևելով 70 տարվա խորհրդային իշխանություն, կուլակաթափություն և կրոնական հալածանքներ:

Մոլոկանի տունը (կամ ինչպես իրենք են ասում`«хат»-ը) մեկ կամ երկու սենյակ ունի: Կիրակի օրերին սեղանին դրվում են Սուրբ գրքերը, որոնց մեծ մասը նախախորհրդային ժամանակներից են` հին ուղղագրությամբ: Գրքի ընթերցումը երեխաների դաստիարակության կարևոր մասն է: «Ձմռան երեկոները հավաքվում ենք ողջ ընտանիքով, Գիրքն ենք կարդում, զրուցում ենք… Ամռանը ժամանակ գրեթե չի լինում»:

Հեռուստացույց ոչ բոլորն ունեն: Համայնքի ղեկավարները (կրոնական հավաքների առաջնորդները) հեռուստացույց գնել չեն թույլատրում` ելնելով բարոյական նկատառումներից: Բայց որոշ ընտանիքներ, այնուամենայնիվ, հեռուստացույց ունեն, իսկ որ առաջնորդները չդժգոհեն, այն պահարանում են թաքցնում:

Կիրակին մոլոկանների համար տոն է: Առավոտյան բոլորն աղոթատուն են գնում («հավաքի»): Այնուհետև աղջիկները տոնական սպիտակ շապիկներ են հագնում, կապում են սպիտակ, ժանյակազարդ գլխաշորեր և զբոսնում են գյուղում` արևածաղկի սերմ չրթելով: «Ամեն կիրակի մեզ մոտ տոն է, ինչպես ձեզ մոտ Նոր տարին»: Տղաները, ինչպես և պետք է լիներ, պտտվում են նրանց շուրջը: Մեծերը միմյանց հյուր են գնում: Կիրակի աշխատելն արգելված է:

Կաղամբը

Իսկ սովորական օրերին գրեթե ամբողջ գյուղը զբաղված է կաղամբ աճեցնելով: Դա, կարելի է ասել, Ֆիոլետովոյի ֆիրմային մթերքն է: Հայաստանի շուկաներում ո՞վ չի капуста գնել գլխաշորով, կարմաթուշ, ուրախ երիտասարդ կանանցից:

«Հայկական» մոլոկանների դրած թթու կաղամբը շատ բարձր է գնահատվում թե’ Վրաստանում, թե’ Ռուսաստանի հարավում: Առաջ` խորհրդային տարիներին, մոլոկանները այն մեծ տակառներով վաճառքի էին տանում: Հիմա, երբ տակառները դժվար է երկրից երկիր տանելը, նրանք տանում են իրենց «նոու-հաու»-ն: Մոլոկաններն իրենք են գնում Կրասնոդար կամ Ստավրոպոլ, այնտեղ տակառներ են գնում, կաղամբ են թթու դնում և վաճառում: Կան ընտանիքներ, որոնք բարեհաջող կազմակերպել են այս բիզնեսը Ռուսաստանում: «Բայց այնտեղ համեղ չէ,- ասում են նրանք,- այնտեղի կաղամբն ուրիշ է»:

Կաղամբի իսկական «մոլոկանի» թթու դնելու համար, ինչպես ինձ պատմում էին Ֆիոլետովոյում, պետք է այն մանր կտրատել: Այնուհետև լվանալ (սա հատուկ նշվում է), մաքրել և մանր կտրատել գազարը, հետո այն թրջել ջրում (այլապես կներկի կաղամբը): Մեկ դույլ կաղամբի վրա լցնում են մոտ մեկ բուռ գազար և բռից մի քիչ շատ աղ: Նաև ավելացնում են դափնե տերև ու սև պղպեղ: Մեկ շաբաթից կաղամբը պատրաստ է:

Շատ համեղ է:

VN:F [1.8.1_1037]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Կարծիքներ չկան

Թողնել կարծիք
Գրանցվեք կարծիքներին
Տարադրամի փոխարժեք
EUR 463.97
USD 363.5
RUR 11.81
Եղանակ
  18 C
Բոլոր իրավունքները պաշտպանված են ®. Copyright traveler.am 2010 ©
Կայքի սպասարկումը՝