Աստվածածնի եւ խաղողի տոնը
Տարվա մեջ մեկ օր ուխտավորներից շատերը եկեղեցի գնալուց առաջ նախ` մտնում են շուկա և խաղող գնում: Որովհետև այդ օրը հասարակ պոլիէթիլենի տոպրակով խաղողը մտնում է եկեղեցի որպես «արգելված պտուղ» ու դուրս գալիս` իբրև «նշխար»:
Եվ թեպետ չամիչն ու խաղողի տերևներով փաթաթված` ինչպես ժողովուրդն է ասում` թփով տոլման «ազատ շրջանառության մեջ են», խաղող ուտել եկեղեցին մինչ Խաղողօրհնեք չի թույլատրում:
Խաղողօրհնեքը հայկական հնագույն եկեղեցական տոներից է:

Խաղողի օրհնությունը կապվում է Մարիամ Աստվածածնի տոնի հետ, որը կոչվում է Վերափոխումն Սուրբ Աստվածածնի: Այն խորհրդանշում է Աստվածածնի մահը կամ, ինչպես եկեղեցին է անվանում` ննջումը, և համաձայն Հիսուս Քրիստոսի` մորը տված խոստմանը, երկինք փոխադրվելը: Սա Աստվածածնին նվիրված ամենահին տոնն է, որը նշում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Նույնիսկ Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է` նվիրված այս տոնին:
Վերափոխման տոնը նշվում է օգոստոսի 15-ից առաջ կամ հետո ընկած կիրակին: Հայկական բոլոր եկեղեցիներում նախ պատարագ է մատուցվում` ի հիշատակ Մարիամ Աստվածածնի: Շարականներ և խունկ… Եվ ապա հաջորդում է օրվա մյուս կարևոր ծեսը` խաղողի օրհնությունը: Ահա թե ինչու ժողովրդի մեջ այս տոնն ավելի հայտնի է որպես Խաղողօրհնեք:
Խաղողօրհնեքի տոնակատարությունն ունի իր առանձնահատկությունները` կապված տեղանքի հետ: Գյուղական վայրերում պատարագից հետո քահանան և ժողովուրդը դուրս են գալիս այգիներն ու դաշտերը և այնտեղ են կատարում խաղողի օրհնության ծեսը: Իսկ խաղողի միջոցով օրհնվում է ամբողջ տարվա բերքն ու բարիքը:
Խաղողօրհնեքը, որպես կանոն, Հայաստանում տարվա ամենաարևային օրերից մեկն է: Պատկերացրեք. իսկական հայկական ամառային կեսօր, հայկական եկեղեցի, ուխտավորներ, որ դրսի արևից «շիկացած» մտնում են եկեղեցի և միանգամից ընկղմվում առատ խնկաբույրի մեջ: Իսկ եկեղեցում` ամենապատվավոր տեղում, բեմի վրա մեծ սկուտեղներով դրված է օրվա «մեղավորը»` խաղողը, որի ողկույզները նախորդ օրը բաժանել են փոքրիկ մասերի, դրել են հարյուրավոր տոպրակների մեջ ու ժապավենով խնամքով կապել… խաղողը պատարագից հետո բաժանվելու է ուխտավորներին:
Թեև շատերն այստեղ են իրենց տոպրակներով: Նրանք այդ խաղողը հետո տանելու են տուն և բաժանելու են հարևաններին ու բարեկամներին:
Այս օրը պատահական չէ ընտրված, որովհետև Խաղողօրհնեքը համընկնում է Հայաստանում խաղողի առաջին բերքի հասունացման հետ:
Հայերը սովորություն ունեն. երազանք պահել, երբ այդ տարի առաջին անգամ որևէ միրգ են ուտում: Մինչ բեմին դրված խաղողը «մատչելի կդառնա», ամենակարևոր զբաղմունքը ճիշտ երազանք ընտրելն է:
Պատարագն ավարտվում է. մի պահ աշխույժ ալիք է անցնում եկեղեցով, սա նշանակում է, որ եկել է պահը: Ավագ քահանան բարձրացնում է խաչը. «Օրհնի՛ր այս պտուղները, Տե՛ր, և ճաշակողին տուր մեղքերի թողություն, հոգու և մարմնի առողջություն, իսկ հավատքով ճաշակողին արժանացրու ճաշակելու բարիքները Եդեմական դրախտի»…
Փաստեր
Խաղողի օրհնության ավանդույթը հայերի մեջ ծնունդ է առել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանում և կապվում է պտղաբերության պաշտամունքի հետ: Այն նվիրված էր Անահիտին` մայրության և պտղաբերության հեթանոսական աստվածուհուն: Անահիտի գլխավոր տոնը կապվում էր բերքի հասունացման հետ և նշվում էր հին տոմարով Նավասարդի սկզբին, որը համընկնում է ժամանակակից Խաղողօրհնեքի օրվա հետ: Խաղողը և գինին կապվում էին սիրո, գեղեցկության աստվածուհու` Աստղիկի, և հյուրընկալության, այգեգործության ու բերքի հովանավոր աստծո` Վանատուրի հետ: Սակայն հայ հեթանոսական դիցարանում կար ևս մեկ աստվածություն, ում մեհյանին խաղող էր մատուցվում: Դա անդրաշխարհի աստվածն էր` Սպանդարամետը, որին նույնացնում էին հունական Դիոնիսիոսի` գինու և խրախճանքների աստծո հետ: Ինչպես վկայում է 5-ր դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսը` Սպանդարամետի գլխավոր մեհյանը ավերվում է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ արքայի հրամանով, և հենց այս նույն տեղում 303 թ. կառուցվում է Կաթողիկե եկեղեցին:
Քրիստոնեությունը, դուրս մղելով հեթանոսությունը, այնուամենայնիվ պահպանեց ժողովրդին հոգեհարազատ որոշ տոներ` վերաիմաստավորելով դրանք քրիստոնեական համատեքստում: Խաղողօրհնեքը, ինչպես Տեառնընդառաջը (Տրընդեզը) և Վարդավառը, այդ տոներից են: Իսկ հեթանոսական աստվածներին փոխարինելու եկան քրիստոնեական սրբերը: Եվ այսպես, Անահիտի պաշտամունքին փոխարինեց Մարիամ Աստվածածինը` որպես մայրության և պտղաբերության մարմնացում: Վերաիմաստավորվեցին նաև Անահիտին նվիրված ծիսակատարությունները: Սակայն նույնը մնաց խաղողը: Այսօր քրիստոնեությունը դա բացատրում է մեկ այլ համատեքստում. խաղողից է ստացվում քրիստոնեական ըմպելիքը` գինին, որի մասին Հիսուս ասաց. «Սա է իմ արյունը»:
| EUR | 463.97 |
| USD | 363.5 |
| RUR | 11.81 |
18 C






